Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Ֆանտան գյուղում կասկածելի իրի պայթյունի հետևանքով 59-ամյա տղամարդ է մահացել
Shamshyan.com-ը գրում է.այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները գյուղի գլխավոր փողոցի խաչմերուկում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Ալթունյանի դին։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Իսկանդարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ականատեսներն նշել են, որ մահացածն իր 2 համագյուղացիների հետ, որոնցից մեկը գյուղի զինղեկն է, ինչ-որ կասկածելի իր են գտել, այնուհետև ընկերներից մեկը նետել է այդ իրը, ու մի քայլ քանի հեռանալուց Հ. Ալթունյանը հետ է դարձել և այդ կասկածելի իրը վերցրել է։ Այնուհետև իրի վրա տեղադրված ինչ-որ բան է պտտացրել, ինչն էլ առաջացրել է պայթյուն։ Երևանից ժամանել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Այս պահին փորձաքրեագետները նույնպես դեպքի վայրի զննություն են կատարում։
Մանրամասները՝ այստեղ: