Իսրայելում քննում են հայկական դիրքին հարվածելիս իսրայելցիների մասնակցության մեղադրանքը
Razm.info-ն գրում է.Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են, չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, ինչից հետո վերջիններն իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա։
Հոդվածում նշվում է, որ անօդաչուները «թիրախից շուրջ 100 մ հեռու են հարվածել, կորուստներ չեն եղել»։ Ըստ նույն աղբյուրի իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքը՝ նշելով, որ իրենց ներկայացուցիչները ԱԹՍ-ն չեն կառավարել, դա արել է գնորդը (Ադրբեջանը)։
«Aeronautics ընկերությունը երբեք կենդանի թիրախների դեմ փորձարկումներ չի իրականացնում։ Նույնը վերաբերում է նաև այս դեպքին», — նշել են իսրայելական ընկերությունից։
Իսրայելի ՊՆ-ն առայժմ հրաժարվել է մեկնաբանել միջադեպը՝ նշելով, որ հետաքննություն են սկսել։
Ղեկավարության պահանջը չկատարած օպերատորներից մեկն արդեն հեռացել է ընկերությունից, իսկ մյուսը պատրաստվում է հեռանալ։ Ըստ աղբյուրի՝ միջադեպը եղել է ավելի քան մեկ ամիս առաջ, երբ իսրայելական ընկերության պատվիրակությունն Ադրբեջանում էր՝ Orbiter 1K մահապարտ անօդաչուների վաճառքի պայմանագիրը ստորագրելու համար։ Ադրբեջանցի զինվորականները «խնդրել են» 2 միավոր նոր մահապարտ անօդաչուների հնարավորությունները փորձարկել իրական մարտական պայմաններում՝ հայկական դիրքերի դեմ, սակայն օպերատորները մերժել են։ Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն նախատեսում էր այդ հարձակումը տեսագրել և հրապարակել «ադրբեջանական բանակի հնարավորությունները ցույց տալու համար»։
Հավելենք, որ օրեր առաջ Արցախի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը պատմել էր, որ հուլիսի 7-ին Ադրբեջանը կիրառել է «հարվածային անօդաչու և փորձել վնասել դիրքերից մեկը, սակայն դա նրան չի հաջողվել»։ Ըստ գնդապետի՝ բեկորներից թեթև վիրավորվել են ՊԲ երկու զինծառայող։
Գյոզալյանի նշած օրը մոտավորապես համընկնում է իսրայելական աղբյուրի հայտնած «շուրջ մեկ ամիս առաջ» ժամամակահատվածի հետ։ Հետևաբար չի կարելի բացառել, որ խոսքը նույն միջադեպի մասին է։