Հայաստանում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր
Սեպտեմբերից պարտադիր ուսուցումը կդառնա 12-ամյա, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
«Նախկինում շատ դպրոցականներ 9-ամյա կրթություն ստանալուց հետո այլևս չէին շարունակում իրենց ուսումը, սակայն սեպտեմբերից երեխան, ավարտելով իններորդ դասարանը, կամ պետք է հաճախի ավագ դպրոց, կամ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ միջին որակավորման ուսումնական հաստատություն»,- նշեց նա։
Բանախոսը նաև նշեց, որ կրթության կազակերպման հետ կապված տարատեսակ խնդիրներ կան, օրինակ ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ ասելով, որ դեռ փոքր է, պետք է մեկ տարի էլ սպասել, կամ սոցիալական խնդիրների պատճառով երեխաները մնում են տանը՝ զրկվելով կրթություն ստանալու իրավունքից։
ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ ծնողներին պետք է բացատրել, որ երեխաները վեց տարեկանը լրանալուն պես պետք է հաճախեն դպրոց և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։
Բանախոսներն անդրադարձան նաև կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշեց, թե որքան երեխա է դուրս մնացել մեկ տարվա ընթացքում․ «ԿԳՆ կարող է կրթությունից դուրս մնացած այն երեխաների տվյալները տալ, որոնք գոնե մեկ անգամ հաճախել են դպրոց։ 2015-16թթ․-ի հաշվարկով կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը 300 է, որը մեկ տոկոսից քիչ է։ Երբ նայում ենք տվյալները, 300-ի մեծ մասը դպրոց չի հաճախում, քանի որ ծնողները պատճառաբանում են ծանր սոցիալական պայմանները»։