Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի պատասխանը՝ Ադրբեջանի հերթական ստին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակը պատասխանել է Ադրբեջանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովայի՝ ադրբեջանցի 27 երեխաների գերության մասին հայտարարությանը:
ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկության:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակն ընդհանրապես ադրբեջանցի երեխաների գերության մասին տեղեկությունների չի տիրապետում»,- ասել է Մուսայելյանը:
Նշենք, որ Հիջրան Հուսեյնովան հունիսի 1-ին Ադրբեջանում կայացած ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր, թե 27 ադրբեջանցի երեխաներ դեռևս գտնվում են գերության մեջ։