Վրաստանը Յուրի Լուժկովին կներառի «սև ցուցակում»
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Վրաստանում ընդգրկվելու է «սև ցուցակում», նա կզրկվի երկիր մուտք գործելու իրավունքից: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Լուժկովը Վրաստան էր ժամանել ընկերների և կնոջ հետ մայիսյան տոների շրջանակում:
Լուժկովը նախկինում մի քանի անգամ այցելել է Աբխազիա և Հարավային Օսիա: Համաձայն «Օկուպացված տարածքների մասին» վրացական օրենքի՝ այդ տարածքներ այցելությունն առանց Թբիլիսիի պաշտոնական թույլտվության անօրինական է և պատժվում է կամ խոշոր տուգանքով, կամ մինչև չորս տարի ազատազրկմամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի այցը Վրաստան աժիոտաժ և վրաց սահմանապահներին ուղղված հարցեր է առաջացրել: Նախկին քաղաքապետը ժամանել է Վրաստան կնոջ՝ Ելենա Բատուրինայի և Մոսկվայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով վարչության նախկին ղեկավար Լեոնիդ Բոչինի հետ:
Վրաստանում Լուժկովի գտնվելու մասին տեղեկատվությունն առաջացրել է հասարակության զայրույթը, որը կասկածել է Մոսկվայի նախկին քաղաքապետին Աբխազիա այցերի ժամանակ օկուպացված տարածքների մասին օրենքի խախտման համար: