Նոր կլինիկան ձեռնոց է նետում երևանակենտրոն բժշկությանը. Աբովյան քաղաքում բացվեց «Իննովա կլինիկ»-ը (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 25-ին, Աբովյան քաղաքում տեղի ունեցավ «Իննովա կլինիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությունը: Բժշկական կենտրոնում գործելու են ստոմատոլոգիայի, սրտաբանական, գինեկոլոգիական, թերապևտիկ, ինչպես նաև էնդոկրինոլոգիայի և սեքսոպաթոլոգիայի բաժանմունքներ:
Բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ժորա Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ ջանքերն ուղղելու են բժշկության հանդեպ ձևավորված անվստահության մթնոլորտի վերացմանը՝ հավելելով. «Կլինիկա ստեղծելու գաղափարից սկսած մինչ այս պահը տևեց շուրջ երկու տարի, որի ընթացքում մեզանից տիտանական ջանքեր պահանջվեցին, որպեսզի մեր գաղափարները իրականություն դարձնենք, սա միայն սկիզբն է, հետագայում մեզ սպասվում է բարդ և պատասխանատու աշխատանք»:
Կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու համար:
Կենտրոնը հաճախորդներին առաջարկում է նորարարական լուծուներով և անհատական մոտեցմամբ բուժսպասարկում:
«Մեր նպատակն է հիմնել կանխարգելիչ բժշկության ինստիտուտը Հայաստանում, քանի որ ինչպես հայտնի է, ամբողջ աշխարհում ամենամեծ ծախսերը և միջոցները ուղղված են կանխարգելիչ բժշկությանը»,- իր խոսքում նշեց կլինիկայի սրտաբանը՝ հավելելով, որ կանխարգելիչ բուժումը հնարավորություն կտա խուսափել հետագա բարդություններից:
Կլինիկայում աշխատելու են Հանրապետության մասշտաբով լավագույն մասնագետները:
«Ընտրել ենք այն բժիշկներին, ովքեր կիսել են մեր տեսակետները, իհարկե, չմոռանալով Աբովյան քաղաքի մասնագետներին»,- նշեց գործադիր տնօրեն Արթուր Խուդանյանը: