Դեյվիդ ՄըՔենզին առաջարկել է Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ անցկացված այսօրվա կառավարական նիստում վարչապետը հայտնել է, որ Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու առաջարկություն է ստացվել միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ ՄըՔենզիից: Ըստ այդ առաջարկության՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Դեյվիդ ՄըՔենզին նախատեսում է մինչև 5 մլն դոլար ներդրում անել: «Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունն ու պատասխանել և հրավիրել իրեն՝ բանակցելու նպատակով»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Այնուհետև վարչապետը հորդորել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս հավուր պատշաճի իրազեկել հանրությանը ոլորտներում իրականացվող բոլոր բարեփոխումների վերաբերյալ:
Մասնավորապես, ՀՀ գյուղնախարարին հանձնարարվել է Գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացնել հանրությանը: Ծրագրի շրջանակում շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է հանրությանը մանրամասն իրազեկել հարկային, մաքսային վարչարարության հետ կապված բոլոր բարեփոխումները: «Իրականում ունենք դրական փոփոխություններ և շատ հստակ տրամադրվածություն բիզնեսի համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու հարցում»,-ընդգծել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարը ՀՀ ոստիկանության պետի ուշադրությունն է հրավիրել ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքներին, որոնք վերջին շրջանում շատացել են. «Խնդրում եմ այդ դաշտը Ձեր անձնական վերահսկողության տակ վերցնեք»: