Ոչ մի թիզ հող չի կարելի հանձնել Ադրբեջանին. դեսպան
Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը անդրադարձավ նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցին, Արցախի հարցով հայտարարությանը, Սիրիայի հարցով առաջիկա բանակցություններին և Էրդողանի այցին Մոսկվա:
Խոսելով Արցախի հարցի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարության մասին՝ Արման Նավասարդյանը նշեց, որ դա միայն ողջունելի է, որովհետև ևս մեկ անգամ ապացուցում է, որ խնդիրն ընթանում է միայն Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:
«Այստեղ Ֆրանսիան շատ ակտիվ դիրքորոշում ունի և նրա հայտարարությունները, թե որքանով կիրականանան, ես դժվարանում եմ ասել: Պետք է տեսնել նաև Սերժ Սարգսյանի այցելությունը Ռուսաստան: Բայց, կարծես թե, այստեղ հակամարտություն եռակողմն նախագահների մեջ չկա: Սա շատ կարևոր է, որպեսզի պատերազմի բոցը չտարածվի»,-ասաց Արման Նավասարդյանը:
Իսկ հողերի հանձման հարցում դիրքորոշումը մեկն է՝ ոչ մի թիզ հող չի կարելի հանձնել:
«Վիգեն Սարգսյանի հայտարարությունը սառը ցնցուղի դեր է խաղացել Ադրբեջանի համար և մենք պետք է վաղուց նման դիրքորոշում ունենայինք: Ստորագրեցինք ժամանակին Մադրիդյան համաձայնագրի տակ: Ո՞վ էր խնդրում, որ ստորագրեինք: Հիմա գոնե այդ սխալները ուղղվեն, որովհետև ոչ մի թիզ հող չի կարելի հանձնել Ադրբեջանին՝ առանց պատկերացնելու, որ դա նշանակում է ոչ միայն Արցախի կորուստ, այլ նաև Հայաստանին է մեծ վտանգ սպառնում»,-ասաց նա: