Դաշինքներն ականապատում են. ինչ է սահմանում ԱԺ նոր կանոնակարգ-օրենքը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ այս տարվա ապրիլից ձևավորվող խորհրդարանում այս կամ այն կուսակցության ընտրացուցակով պատգամավոր դարձած անձինք հնարավորություն կունենան լքել խմբակցությունը ու պահպանել մանդատը` դառնալով անկախ պատգամավոր: Այս դրույթն ուշագրավ է հատկապես վերջին ներքաղաքական իրադարձությունների համատեքստում, երբ «մարդ-կուսակցություններն» իրար հերթ չտալով՝ իրենց ծառայություններն են առաջարկում Գագիկ Ծառուկյանին ու Սեյրան Օհանյանին՝ պատրաստակամություն հայտնելով միանալ նրանց կողմից ղեկավարվելիք, ֆինանսապես ապահովված դաշինքներին:
Ակնհայտ է, որ այդ դաշինքներին միանալն օգուտ է լինելու միայն իրենց՝ «քաղաքական լուսանցքում» հայտնված, ընտրությունից ընտրություն քաղաքական առևտրով զբաղվող միավորներին: Իսկ դաշինքի հիմնական ուժերի համար դա կարող է լուրջ գլխացավանք դառնալ: Թեկուզ և հենց այն պատճառով, որ Ծառուկյանի կամ Օհանյանի հաշվին ԱԺ-ում հայտնվելուց կարճ ժամանակ անց, առաջին իսկ լուրջ քվեարկության դեպքում այդ «մարդ-կուսակցությունները» կարող են պարզապես լքել խմբակցությունը՝ պահպանելով իրենց մանդատները:
Ի դեպ, իշխանությունների հաշվարկն էլ հենց դա է, և այդ պատճառով են նրանք հանգիստ հետևում ներքաղաքական դաշտում կատարվող գործողություններին՝ ձեռքի հետ իրենց ականները ներդնելով տարբեր դաշինքներում ու թույլ տալով, որ նրանք դառնան պատգամավոր: Դե, իսկ հարկ եղած պահին այդ ականները պայթեցնելը տեխնիկայի գործ է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: