Ցավալի է, որ Կառավարության ծրագրում ներառված չէ գյուղմթերքի կարգավորման գների հարցը. Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպաման ժամանակ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը խոսեց Կառավարության՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ 100 օրվա ամփոփման, 2017թ. ակնկալիքների մասին, ինչպես նաև այն, թե ինչ է անհրաժեշտ՝ ապրանքների և ծառայությունների գների և որակի ապահովման համար:
Անդրադառնալով բոլոր ոլորտներին, Բաբկեն Պիպոյանը մատնանշեց Տիգրան Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում եղած տարիները և նշեց. «2008 թվականին, երբ Տիգրան Սարգսյանն ախտորոշում էր ՀՀ-ի տնտեսության և ընդհանուր ոլորտների վիճակը, այդ ախտորոշման հիման վրա կարելի էր գիրք գրել: Այդպես սիրուն ախտորոշած էր ամեն ինչ: Իր տարեվերջյան ասուլիսը, որը վերջերս հիշեցի, ինձ շատ էր նյարդայնացնում, որովհետև ինքն ասում էր ինչ ա պետք անել, շատ սիրուն էր ասում, բայց դու այն մարդը չես, որ պետի ասես ինչ ա պետք անել, դու պիտի անես: Հիմա ցավոք սրտի ինչ ա պետք անելն էլ է վատ գրված այս դեպքում»:
Նրա պնդմամբ՝ ավելի լավ է վատ գրված լինի, բայց արվի, իսկ դա ցույց կտա ժամանակը:
Անդրադառնալով Կառավարության ծրագրին, բանախոսն ասաց, որ մեծ ցավ ապրեց, երբ տեսավ, որ Կառավարության ծրագրում ներառված չէ գյուղմթերքի կարգավորման գների հարցը:
«Կառավարության ծրագրում գրված է, որ 50 կաթնամթերք արտադրող ընկերության ստուգել է ծառայությունը, այսինքն՝ Կառավարությունը համարում է, որ այս ոլորտում լավ աշխատում է: Բայց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 50 ստուգում այնպես արվեց, որ պետք է այդ ոլորտը ստուգել, քանի որ խուճապ առաջացրեց մարդկանց մոտ»,- ասաց նա և հավելեց. «Մենք Ամանորից առաջ մոնիտորինգ արեցինք խոշոր ընկերություններում, որոնք իրար հետ միասին ապահովում են շուկայի 90%-ը: 90% ապահովող կառույցներից 8-ից 8-ում հայնաբերեցինք խախտումներ, տվեցինք թե՛ հանրությանը և թե՛ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Ծառայությունից մեզ պատասխանել են, ասել են. «Վայ շատ շնորհակալություն, մենք շատ ենք կարևորում ձեր արածը, քնե՛ք, 2017-ին կանենք»»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: