Իշխանությունները պետք է իրենց սխալներն ընդունեն
Եթե իշխանությունն ուզում է բարեփոխումներ իրականացնել ու ինչ-որ չափով հաջողել, ապա պետք է զերծ մնա իր նախկին կամ իր նախկինների դեֆեկտիվ գործողություններն ու անգործությունը ատամներով պաշտպանելուց: Դա շարունակելու դեպքում, շուտով կսկսի հոգեբանական ներշնչանքի այնպիսի ցիկլ, որ ինքը եղել է միշտ ճիշտ, հետո կսկսի ինքնապաշտպանվել, հետո էլ ավելի կփակվի, կկտրվի և հասարակությունից, և իրականությունից:
Նման հոգեվիճակն էլ անպայմանորեն կարտահայտվի քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա. բնազդներն ու պատրիարխալ սկզբունքայնությունը կխեղդեն ռացիոնալիզմին ու սխալներն ընդունելու համարձակությանը: Բնական է, որ ռեֆորմի այն չնչին ցանկությունն ու քայլերն էլ որ կային, կմտնեն փակուղի ու կմարեն:
Բայց, եթե իշխանությունն ուզում է առաջ գնալ, պետք է ընդունի սեփական սխալները, վերլուծի դրանք, կարողանա սթափ նայել իրականությանը, որն արդյունավետ որոշումներ կայացնելու լավագույն նախապայմանն է: Հատկապես, որ բոլորն էլ շատ լավ տեսել ու հասկանում են իշխանության արածն ու չարածը, վարքը, կենցաղը նույնիսկ: Այնպես որ՝ կարիք չկա դրա վրա շատ թանկ ռեսուրսը՝ ժամանակը, վատնել, մարդկանց բաներ համոզել, ապացուցել և այլն: Այդ ժամանակը կարելի է և պետք է ուղղել մեր երկրի համար օդի պես անհրաժեշտ բարեփոխումներին:
Վերջապես, եթե այդքան ճիշտ էիք, էլ ի՞նչ կարիք կար փոխելու կառավարության կազմը, քաղաքական կուրսը, հռչակվելու իբրև ռեֆորմիստական ու հանրությանը ներկայանալու ինքնամաքրվող քաղաքական ուժի կերպարով: Թե չէ, էդ ոնց ստացվեց, որ ամեն ինչ այդքան լավ եք արել, բայց հասել է արագ ու խորքային փոփոխությունների գնալու ժամանակը. այդպես ուղղակի չի լինում, դա աբսուրդ է, իսկապես լրջանալ է պետք:
Արման Սահակյան. ֆեյսբուք: