ՀՀ ՄԻՊ-ը խոշտանգումների հարցը քննարկվել է Պատրիս Ժիլբերի հետ
Հունիսի 29-ին Ժնևում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերին: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ազատությունից զրկման վայրերում խոշտանգման և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելման, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմանները բարելավելու, այդ նպատակով պետության կողմից տարվող քաղականության բարեփոխմանը նպաստելու, ինչպես նաև այդ հարցերում Մարդու իրավունքների պաշտպանի դերի հետ կապված հարցեր:
Ա.Թաթոյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցելու ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, ինչպես նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի հետ՝ այդ կազմակերպությունների կողմից մշակված չափանիշներին համապատասխան զեկույցներ կազմելու, այդ զեկույցներում տեղ գտած առաջարկությունների իրագործմանը նպաստելու ուղղությամբ:
Ընգծվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման և անկախության երաշխիքների հետագա ամրապնդման անհրաժեշտությունն օրենսդրական մակարդակում և գործնականում:
Կողմերը կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստերին, ինչպես նաև զեկույցների կազմման աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ընդհանրապես ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործունենության ընթացքում քաղաքացիական հասարության կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը: