«Խոպանչիները» ևս հայտնվեցին հարկային դաշտում
ԱԺ մայիսի 5-ի արտահերթ նիստին Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որևէ համապատասխան կազմակերպության հետ և հետագայում 13 տոկոս եկամտահարկը և 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե:
«Տրամաբանությունը հետևյալն է՝ մեր հայրենակիցները կատարում են արտերկրում շինարակական աշխատանքներ, սակայն մեր երկրում որևէ տեղ գրանցված չեն որպես վարձու աշխատող: Նպատակն այն է, որ գրանցում ստանան ՀՀ համապատասխան գործատուի մոտ, այդ դեպքում տվյալ կազմակերպությունը ծառայություններ կմատուցի դրսի համապատասխան կազմակերպությանը: Խնդիրն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները տվյալ պետությանն են մուծում եկամտահարկ: Ստացվում է, որ միայն մեր երկրում եկամտահարկ կգանձվի, իսկ ՌԴ-ում կազատվի»,- ասաց Վախթանգ Միրումյանը։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արձագանքեց. «Ես հասկացա՝ ամեն ինչից եկամուտ ենք ուզում, անգամ արտերկրում աշխատողից եկամուտ քաղել»:
Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ այդ դրույքաչափերը համադրել են ԵՏՄ-ի կանոնակարգերի հետ: