Սամվել Ալեքսանյանը նկար նվիրեց Լյուդմիլա Սարգսյանին՝ Ֆարմանյանի քավորությամբ
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում բացված ցուցահանդես-վաճառքից նկար ձեռք բերեց և անակնկալ կերպով այն նվիրեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին՝ մարտի 8-ի առիթով:
Նկարի հեղինակն Արշակ Սարգսյանն է: Լյուդմիլա Սարգսյանը ընդունեց նվերը՝ գործընկերոջն անհարմար վիճակի մեջ չդնելու համար: Նկարը ՀԱԿ պատգամավորի աշխատասենյակը կզարդարի մինչև նրա պատգամավորական լիազորությունների ավարտը: Հետո Լյուդմիլա Սարգսյանը մտադիր է նկարը վերանվիրել խորհրդարանին:
Այս ամենը, սակայն նախապատմություն ունի: Նվիրատվության ,քավորը» ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է, ով արդեն հետո հպարտանում էր. «Տիկին Սարգսյան, ես իմ խոսքի տերն եմ»:
Բանն այն է, որ անցած քառօրյայում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խորհրդարանի միջանցքում փորձեց խոսակցության մեջ ներքաշել ՀԱԿ պատգամավորին՝ ըստ էության, հեգնական ակնարկներ անելով Լյուդմիլա Սարգսյանի քաղաքական գործունեության վերաբերյալ:
Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվել էր՝ չի՞ ցանկանում տիկին Սարգսյանը նկարներ նայել ու դրանցից մեկը գնել: Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ նայել է, բայց գնել չի կարող: «Ի՞նչ է պատահել, մենք կառնենք Ձեզ նվեր»,-հեգնական հումոր էր արել Ֆարմանյանը:
Ի պատասխան՝ Լյուդմիլա Սարգսյանն ասել էր. «Նման խոստումներ մի տուր, քանի որ դրանց տակից դուրս եկողը չես: Ես էլ միշտ հիշեցնելու եմ, թե որքան էժան են ձեր խոսքերը»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում