ԱՄՆ-ի ուշագրավ հայտարարությունը հատուկ գործողության վերաբերյալ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետեւել է հայկական ուղղաթիռի դուրսբերման գործողություններին։ Այս հայտարարությունն անկասկած ունի մանրամասն ճշգրտումների կարիք, ինչի հնարավորությունն, իհարկե, չկա, որովհետեւ պատքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը բավարարվել է դրանով։
Սակայն այն, ինչ ասվել է, արդեն իսկ բավական է անսպասելի և շատ հետաքրքրական լինելու համար, որովհետև ասվածը, ըստ էության, հանդիսանում է յուրօրինակ աջակցություն Հայաստանին, հայկական զինված ուժերին։ Որովհետև եթե հետևել են, ուրեմն կարող էին նաև խանգարել ցանկության դեպքում։ Աննախադեպ է սակայն հենց այդ մասին հայտարարելը, ինչը, ըստ էության, վկայում է նոր իրավիճակի մասին, կամ որով, ըստ էության, նոր իրավիճակ է ձևավորվում։
ԱՄՆ-ը բացահայտորեն հայտարարում է տարածաշրջանում իր որոշակի ռազմական ներկայացվածության մասին։ Այս կոնտեքստում, բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում է, նման հայտարարության պատճառներն են և բնականաբար Ռուսաստանի հնարավոր արձագանքները։ Միանգամից պետք է արձանագրել, որ միամտություն կլինի կարծել, թե Ռուսաստանի համար այդ ամենն անակնկալ է։
Պարզապես Մոսկվան էլ հասկանում է, որ ԱՄՆ տեխնոլոգիական զարգացվածության մակարդակը հնարավորություն է տալիս նմանօրինակ ներկայացվածություն ամբողջ աշխարհում, և սրա դեմ պարզապես անհնար է հակազդեցության որևէ միջոց, և մնում է ընդամենը համակերպվել: Հետևաբար, Մոսկվայի առանձնահատուկ արձագանք սպասել, թերևս, պետք չէ:
Հավանական է, որ Ռուսաստանն էլ ինչ-որ կերպ կհայտարարի, որ ինքն էլ է հետևել գործողություններին: Թեև այստեղ, իհարկե, հայտարարության կարիք, երևի թե, չկա, քանի որ քչերը կարող են կասկածի տակ առնել այն, որ Հայաստանի զինուժը նման մասշտաբի և բնույթի գործողություններ կարող էր իրականացնել առանց Ռուսաստանի իմացության:
Եվ այս տեսանկյունից, իհարկե, պետք է արձանագրել նաև, որ փաստորեն Ռուսաստանն էլ չի խանգարել։ Թե ինչու՝ դժվար է ասել, քանի որ միջադեպն ամբողջությամբ բարագույրի հետևում իսկապես շատ բաներ ունի, որոնց մի մեծ մասին մենք այդպես էլ չենք ծանոթանա կամ՝ առավելագույնը տասնամյակ կամ տասնամյակներ անց»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: