Եթե մարդիկ թոշակի անցնելուց առաջ չունեն կուտակած որոշակի գումար, ապա նրանց սպասվում է ծանր ծերություն. սոցիոլոգ
Տարեցների առաջնային խնդիրներից մեկն այսօր թոշակի քանակն է: Հաճախ թոշակի շատ ցածր լինելու պատճառով տարեցներն անգամ չեն կարողանում հոգալ նվազագույն կենցաղային ծախսերը:
«Ամենաբարձ թոշակը Դանիայում է` ամսեկան 2800 դոլար, ապա Գերմանիայում՝ 2500 դոլար, Վրաստանում այն կազմում է 120 դոլար, իսկ Հայաստանում` 76 – 42 դոլար, և եթե մարդիկ թոշակի անցնելուց առաջ չունեն կուտակած որոշակի գումար, ապա նրանց սպասվում է ծանր ծերություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Հայաստանում թե´ տղամարդիկ, թե´ կանայք թոշակի են անցնում 65 տարեկանից: Սոցիոլոգը նկատեց, որ կանայք տղամարդկանցից 4-5 տարով ավել են ապրում:
Հանդիպման ժամանակ բանախոսն անդրադարձավ նաև երկրում տիրող աղքատության կենսամակարդակին: «Հարցումները ցույց են տվել, որ բնակչության 20 %-ն է իրեն աղքատ ճանաչում, մինչդեռ իրականում մեր բնակչության 50 %-ն աղքատ է: 4400 ընտանիքներում էլ առողջապահական խնդիրներ կան, հատկապես ծերերը թողնված են ճակատագրի խնամքին»,-փաստեց սոցիոլոգը:
Բանախոսն ընդգծեց նաև, որ մեր հասարակությունում ծերերից բացի խոցելի են համարվում նաև երիտասարդները, քանի որ ծերերը ստիպված աշխատում են իրենց կարիքները հոգալու համար, իսկ երիտասարդներն էլ ավարտում են և չեն կարողանում աշխատանք գտնել:
Վարդուհի Ստեփանյան