Բերքաբեր գյուղի գյուղապետը` սահմանին տիրող իրավիճակի մասին
Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղը կրկին գնդակոծության է ենթարկվել: Երեկ գիշեր մինչև ժամը մեկը կրակոցներ են եղել, այնուհետև 2-ժամյա դադարից հետո կրակոցները շարունակվել են. 4:00-ից մինչև 04:30:
Մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Բերքաբեր գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանի հետ, ով հաստատեց տարածված լուրերը:
Նրա խոսքով` 4 օր անընդմեջ երկարատև կրակոցներ են հնչում: Ջրամբարից 400-500 մ հեռավորության վրա գտնվող հակառակորդը ցանկացած պահի կրակ է բացում: Չնայած այն հանգամանքին, որ Տավուշի բնակչությունը «կոփվել» է հակառակորդի կրակոցից պաշտպանվելու հարցում, այս անգամ, բնակիչները խուճապի մեջ են: Նրանցից շատերը հեռացել են գյուղից` խաղաղ և անվտանգ վայրում ապաստան գտնելով:
«Պատերազմ է, սովորական պատերազմ: Օրեցօր զարգանում է լարված իրավիճակը: Հակառակորդը կրակել է միջպետական ճանապարհի, այգիների տների վրա: Փամփուշտները տներ են մտել, տանիքներ են վնասվել: Բարեբախտաբար վիրավորներ և զոհեր չունենք»,-ասաց Բերքաբերի գյուղապետը:
Գյուղապետի խոսքով` մեր կողմից հրադադարի ռեժիմը չի խախտվել: Այս հարցով զբաղվում է ՀՀ ՊՆ-ն: Այս պահի դրությամբ գյուղում խաղաղ իրավիճակ է:
Կարինե Գևորգյան