Խոշոր ավտովթար Աշտարակի կամրջին. բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Անուշավան Սիմոնյանը, վարելով «ՄԱԶ 504» մակնիշի 274 ՏՍ 43 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում, Աշտարակ մտնող կամուրջի վրա կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենայում բարձված ծանր քաշով երկաթները շրջվել և փակել են ճանապարհահատվածը: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ:
Կարճ ժամանակում ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջ-փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, քանի որ մեքենայից վառելանյութի արտահոսք է սկսվել, և փրկարարները դադարեցրել են արտահոսքը և ասֆալտի մշակման աշխատանքներ են կատարում: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները և Աշտարակի ոստիկանության օպերատիվ խումբը:
Նշված բեռնատարը հաշվառված է Կոտայքի մարզում գրանցված «Կամրջշին» Փակ Բաժնետիրական Ընկերության հաշվեկշռում: