Կառավարությունը մատը մատին չի տվել. Գագիկ Ջհանգիրյան
-Իմ երիտասարդ կոլեգայի կողմից ներկայացված նախագիծը թելադրված է սահմանադրությամբ, սակայն ես այն կարծիքին եմ, որ պատգամավորների խնդիրը չէ պետական և ծառայողական գաղտնիքի օրենքի փոփոխություններին անդրադառնալը,- ԱԺ նիստում նման զեկույցով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ խոսելով Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած Պետական և ծառայողական գաղտնիքի մասին՝ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
-Սա կառավարության խնդիրն է, կառավարությունը բացարձակ մատը մատին չի տվել՝ այս օրենքում շտկումներ իրկանացնելու համար, շատ հաճախ գերատեսչական ցանկերում տեղ են գտնում այնպիսի տեղություններ, որոնք բացարձակ էլ գաղտնի չեն, այդ տեղեկությունները գաղտնի ենք պահում միայն մեր քաղաքացիներից, ամենավտանգավորը այն է, որ շատ հաճախ քրեական օրենսդրության պատասխանատվության է ենթարկվում նա, ով անզգուշությամբ է որևէ տեղեկություն հաղորդել՝ առանց իմանալու այդ տեղեկատվության գաղտնիության փաստը. ուստի սա խայտառակ վիճակում գտնվող օրենք է:
Հարցին ի պատասխան հնչեց պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի խոսքը.
-Ես երկար չեմ խոսի, երեկ, երբ ներկայացնում էի նախագիծը, նշեցի, որ այս օրենքը չի կարելի պատշաճ վիճակում գտնվող օրենքների շրջանակում համարել: Գործընկերներիս կողմից հնչած մտահոգություններն ինձ համոզեցին, որ օրենքի ներկայացումը ուշ էր բայց ոչ ուշացած, ինչևէ՝ թիրախը կառավարության մարմինն է: