Գազ չունենք, հող չունենք, լույս չունենք, ճանապարհ չունենք, չգիտեմ, թե սրա վերջն ինչ է լինելու, քանի որ բլոկադայի մեջ ենք մենք. Բերքաբերի գյուղապետ
Ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող կրակոցների վերաբերյալ այսօր Operativ.am -ի թղթակիցը զրույց ունեցավ ՀՀ պետական սահմանից 0.3 կմ հեռավորության վրա գտնվող Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի հետ, ով նշեց, որ ադրբեջանական կողմից եղել են կրակոցներ և՛ երեկ, և՛ այսօր: Կրակոցները երեկոյան եղել են 22:00 – 23:00 սահմաններում, իսկ այսօր՝ առավոտյան 07:00 – 08:00 սահմաններում, և հավելեց, որ հայկական կողմից չի եղել որևէ պատասխան:
- Մարդկային և նյութական վնասներ ունեցե՞լ եք հնչած կրակոցների հետևանքով:
Մարդկային և նյութական վնասներ չենք ունեցել, բայց ժողովուրդը խուճապի մեջ է: Խմելու ջուր չունենք: Անասուններին դեպի ջուրը պետք է տանենք ջրամբարի կողքով, սակայն կրակոցների պատճառով գյուղացիները չեն կարողանում հասնել և՛ խմելու, և՛ անասունների համար նախատեսված ջրին:
- Ինչպե՞ս է որոշվելու ջրի հարցը: Դիմե՞լ եք պատկան մարմիններին:
Այլևս չգիտեմ: Արդեն ամաչում էլ եմ գյուղում ման գալ: Չգիտեմ, թե ոնց է լինելու: Տարին դեռ նոր է սկսվել, հույս ունենամ պատկան մարմինները որևէ բան կանեն: Ախր միայն ջրի խնդիր չէ, գազ չունենք, հող չունենք, լույս չունենք, ճանապարհ չունենք: Ես չգիտեմ, թե սրա վերջն ինչ է լինելու: Բլոկադայի մեջ ենք մենք:
Զրուցեց՝ Սոնա Բախշյան