Արայիկ Հարությունյանը պարգևատրել է պատանիների ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին ու թիմի ավագ մարզչին, իսկ ծանրորդների անձնական մարզիչներն արժանացել են նվերների:
Ֆեդերացիայի նախագահը պատանեկան հավաքականի անդամների ու մարզչական շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար:
«Պատանիների ու երիտասարդների արդյունքները կարևոր են այնքանով, որքանով ապահովում են թիմում սերնդափոխությունն ու հաջորդականությունը: Ինչու ոչ, նաև մրցակցություն են ապահովում, իսկ սպորտում մրցակցությունը շատ կարևոր է»,- ասել է Հարությունյանը:
Ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն Գրիգոր Ղազարյանը և նրա անձնական մարզիչ Արմեն Մկրտչյանը, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Հարություն Հովհաննիսյանն ու անձնական մարզիչ Մհեր Պողոսյանը, ինչպես նաև պատանիների հավաքականի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանը: