ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեէսկալացիայի համար իր օգնությունն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր օգնությունն է առաջարկել՝ թուլացնելու լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։
«Գլխավոր քարտուղարը նաև խորը մտահոգություն հայտնեց Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ և շեշտեց, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների», - ասել է Դյուժարիկը լրագրողների հետ ճեպազրույցում:
Գուտերեշը դատապարտել է Ջամու և Քաշմիրի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին հնդկական Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ովքեր ձիավարություն են կատարել Բայսարան հովտում, որը զբոսաշրջության հայտնի վայր է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Դիմադրության ճակատ կոչվող խմբավորումը («Լաշկար-է-Թայբա»)։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ Նեպալի քաղաքացի: