Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Իլհամ Ալիևի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։
Նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են ուզբեկա-ադրբեջանական բարեկամության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի՝ անցյալ տարվա օգոստոսին Ուզբեկստան կատարած պետական այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման վերաբերյալ։
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ, քննարկել են առաջիկա բազմակողմ միջոցառումները և Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցությունը։