Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը Վատիկանում. Ուղիղ
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղ է ունենում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը: Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում հրապարակում՝ վերջին հրաժեշտը տալու պոնտիֆիկոսին:
Ֆրանցիսկոսն իր հոգևոր կտակում խնդրել էր, որպեսզի իր մարմինը թաղվի Հռոմի Սուրբ Մարիա Մաջորե պապական բազիլիկայում։ Պապը նաև խնդրել էր, որ իր գերեզմանը պատրաստվի Պաոլինայի և Սֆորցայի մատուռների միջով անցնող կողային միջանցքի թաղման խորշում։ Գերեզմանը պետք է լինի հողում, հասարակ, առանց զարդարանքների, միակ գրությամբ՝ Ֆրանցիսկոս:
Հուղարկավորությանը զուգահեռ կսկսվի իննօրյա սուգը, որից հետո կարդինալները կոնկլավ կգումարեն՝ ընտրելու աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկների նոր պապին:
Արարողությանը կմասնակցի աշխարհի մոտ 50 առաջնորդ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը: