«Ամբողջ գիշեր ջուր ենք կրել». 4 անչափահասները տատի հետ ապրում են անմարդկային պայմաններում (տեսանյութ)
Տատի խնամքին մնացած չորս անչափահաս երեխաները ստիպված են ապրել անմարդկային պայմաններում։ Երեկ հորդառատ անձրևից հետո Շենգավիթ վարչական շրջանում գտնվող վագոն-տնակը ջրով էր լցվել։
Տիկին Անուշը պատմում է՝ առաջին անգամը չէ, որ ջուրը ներս է լցվում։ «Երբ կոյուղաջուրը բարձրանում է, մեր հարևանի տունը լցվելով՝ գալիս լցվում է մեր տուն․ այստեղ անհնար է ապրելը»,- ասում է կինը։
Տիկին Անուշը պատմում է՝ հերթական անգամ տնակ լցված ջուրը երեկ ստիպված են եղել մաքրել մինչև ուշ գիշեր։ Երեխաները գիշերն անցկացրել են հարևանի տանը՝ մինչև մաքրեն տնակ լցված ջուրը և գարշահոտը ցրվի։
Պատճառը, ըստ կնոջ, երեք տարի առաջ տարածքում սկսված շինարարությունն է։ Բայց խնդիրը միայն այդ վագոն-տնակում չէ․ տարածքի մյուս տնակները ևս հորդ անձրևից հետո նույն վիճակում են հայտնվում։
Երբ արդեն ավարտել էինք նկարահանումը և պատրաստվում էինք հեռանալ, Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ ժամանեցին տարածք։ Թե ինչ լուծում կառաջարկեն անապահով ընտանիքին, այս պահին հայտնի չէ․ Factor TV-ն կհետևի զարգացումներին։
Մանրամասները՝ տեսանյութում։