Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:44-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում՝ Այգեգործների 30 հասցեում, խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ էին կարողանում պայքարել կրակի տարածման դեմ, քանի որ նախ խանգարում էր ծուխը, ապա՝ քամին։
Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կիլոմետրից, իսկ այրվում էին կենցաղային աղբ և մեծ քանակի կուտակված անվադողեր։
Հրդեհի մասին տեղեկանալով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ով է այդքան շատ անվադողեր կուտակել նշված վայրում, թաղապետարանի աշխատակիցները պարզում են։