Իրանը կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կառուցողական է համարում. Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ կարծում է, որ դրանք կառուցողական են և արդյունավետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Բաղայիի խոսքերը։
«Բանակցությունների տևողությունը կախված է դրանց առաջընթացից: Ինչ վերաբերում է մեզ, ապա Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն այս ճանապարհը սկսել է լիակատար լրջությամբ, և քանի դեռ հավատում ենք, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական և արդյունավետ, մենք դրանք կվարենք»,-ասել է իրանցի դիվանագետը։
Էսմայիլ Բաղային հավելել է, որ Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը՝ դրանք չվերսկսելու երաշխիքներով։
Հիշեցնենք, որ այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը: