Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթում սուրճի ապարատի թալանման պահը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել են փողոցներում և խանութների մոտ տեղադրված սուրճի ապարատների թալանման դեպքերը։ Միայն 2 օրում 3 նմանատիպ դեպք է տեղի ունեցել, 2-ը՝ Կոտայքի մարզում, 1-ը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 17-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, անհայտ անձը կոտրել է Շենգավիթ վարչական շրջանում՝ Արագածի 93/3 հասցեում տեղադրված սուրճի ապարատը և այնտեղից գողացել եղած գումարն ու «մանետնիկան»։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է գողության պահը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից։
Զարմանալի է, որ ամբողջ գիշեր թե՛ Երևանում, թե՛ մարզերում ծառայություն են իրականացնում համայնքային ոստիկանության բաժիններն ու Պարեկային ծառայության պարեկները, բայց միևնույն է՝ գողը կամ գողերը նրանցից ավելի պրոֆեսիոնալ են դուրս գալիս ու իրենց սև գործը հաջողությամբ ավարտին են հասցնում։ Մնում է՝ ոստիկանությունը ապացուցի, որ իրենք ավելի պրոֆեսիոնալ են, քան այդ, ժողովրդի լեզվով ասած, «պատուհաս գողերը»։