Թրամփի վարչակազմը կրճատում է աշխարհում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ զեկույցների ծավալը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զգալիորեն կրճատել է Պետդեպարտամենտի կողմից հրապարակվող՝ աշխարհում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ տարեկան զեկույցների ծավալը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է NPR-ը՝ հղում անելով կառույցի ներսում շրջանառվող խմբագրական գրությանը։
Փոփոխություններով նախատեսվում է զեկույցները «պարզեցնել»՝ դրանք սահմանելով օրենքով պահանջվող նվազագույն մակարդակին։ Նոր մոտեցման նպատակն է, ըստ փաստաթղթի, զեկույցները համապատասխանեցնել ԱՄՆ ընթացիկ քաղաքականությանը և Թրամփի կողմից ստորագրված վերջին նախագահական հրամանագրերին։
Հեռացվող բովանդակության շրջանակում են բանտային ծանր պայմանների վերաբերյալ քննադատությունները, կառավարական կոռուպցիայի և քաղաքական գործընթացին մասնակցության սահմանափակումների մասին տվյալները, ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների և դատավարական երաշխիքների խախտումների մասին արձանագրումները, բռնի կամ հարկադիր բժշկական պրակտիկաների, անձնական կյանքի ազատության խախտման և համացանցի սահմանափակումների մասին տեղեկությունները, գենդերային բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սպառնալիքների մասին նշումները և այլն։
Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ այս փոփոխությունները նահանջ են ԱՄՆ-ի՝ որպես մարդու իրավունքների միջազգային վերահսկողի դերից։ Ըստ նրանց՝ զեկույցների այդպիսի կրճատումն կարող է խաթարել ԱՄՆ հեղինակությունն ու ազդել գլոբալ մարդու իրավունքների օրակարգի վրա։