Արդյոք Փաշինյանը հատ առ հատիկ գույքը վերադարձնելու է. ՍԴ որոշումը մեկնաբանում է նախարարը
Եկեք հասարակությանը տարընկալումների առիթ չտանք. ՍԴ-ն նշել է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը սահմանադրությանը համապատասխանող է ամբողջությամբ և երկու դեպք է նշել, որոնց պարագայում սահմանադրական է որոշակի կոնկրետ մեկնաբանությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով երեկվա ՍԴ որոշմանը:
«Առաջինը պաշտոնատար անձանց դեպքն է, երբ ուսումնասիրվողը պաշտոնատար անձն է, այդ դեպքում սահմանադրական է այնքանով, որ պաշտոնատար անձի պաշտոն զբաղեցնելուց հետո ձեռք բերված գույքը ենթակա լինի բռնագանձման։
Մյուս դեպքը վերաբերում է ոչ պաշտոնատար անձանց, և այս պարագայում սահմանադրական է օրենքը այն մեկնաբանությամբ, որ ձեռք բերված գույքը կապվի որոշակի հանցավոր գործունեության հետ։ Այսինքն հակասահմանադրականության վերաբերյալ եզրահանգում ՍԴ-ի որոշման մեջ այնքանով, որքանով, որ այդ որոշումը հրապարակված է, իսկ հրապարակված է միայն եզրափակիչ մասը, չկա։
Կարծում եմ, որ ավելի մանրամասն մեկնաբանությունների համար մենք պետք է սպասենք ամբողջական տեքստին, որպես որ տեսնենք և ծանոթանանք ՍԴ մեկնաբանություններին և հետո նոր անենք մեր եզրափակումները»,- ասաց նախարարը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ որոշ գործեր վերանայվեն՝ հաշվի առնելով, որ գույքերի բռնագանձման հայցեր են ներկայացվել որոնք վերաբերում են ոչ պաշտոնյաների, Գալյանը պատասխանեց. «ՍԴ որոշման եզրափակիչ մասից չի բխում, որ ոչ պաշտոնատար անձանց հետ կապված ուսումնասիրություններ չեն կարող իրականացվել: Հակառակը, բխում է, որ կարող են իրականացվել, բայց այդ գույքերի ձեռքբերումը որևէ առնչություն պետք է ունենա հանցավորության հետ։ Սա ասում եմ միայն եզրափակիչ մասին ծանոթ լինելու համատեքստում, այսինքն ավել մեկնաբանություն անել չեմ կարող։
Ինչ վերաբերում է հարցին, թե կարող են փոփոխվել որոշակի հայցեր, վաղ է դեռ այս առումով մեկնաբանություններ անել, մենք պետք է ծանոթանանք մեկնաբանություններին, հետո դատախազությունը իհարկե կորոշի այդ մեկնաբանությունների համատեքստում որոշակի հայցեր փոփոխման ենթակա են, թե ոչ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ապօրինի գույքի բռնագանձման գործերի քանի տոկոսն է վերաբերում 1991 թվականից պաշտոն ստանձնած, բայց այս պահին պաշտոն չունեցող անձանց, արդարադատության նախարարն արձագանքեց. «Նման վիճակագրություն չունենք: Իրականում օրենքը հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում կարող է նախաձեռնվել վարույթ: Այդ հիմքերի շարքում մեծ մասը քրեական գործերն են և անձի կարգավիճակը որպես մեղադրյալ։ Ուրեմն, գործերի մեծ մասը այն գործերն են, որոնք նախաձեռնվել են քրեական գործերի հիման վրա»:
Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, թե կան գործեր, որ ինչպես «հատիկ-հատիկ հետ են բերել», հիմա «հատիկ-հատիկ» պետք է վերադարձնել, Գալյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ ՍԴ որոշումը նման հիմք կարող է հանդիսանալ և չեմ հասկանում նման մեկնաբանություններ անողներին և նրանց մոտիվը: Իրականում մոտիվը հասկանում եմ, բայց առնվազն մասնագիտական տեսանկյունից անընդունելի է նման մեկնաբանությունը, որովհետև ՍԴ որոշման հրապարակված մասը նման եզրահանգման որևէ հիմք չի տալիս»: