Իսրայելական բանակը 24 ժամվա ընթացքում կլքի հարավային Լիբանանը

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ երեքշաբթի իր ստորաբաժանումները դուրս կբերի հարավային Լիբանանից, բայց առայժմ կպահպանի ներկայությունը հինգ ռազմավարական կետում, որոնք գտնվում են բնակեցված վայրերից հեռու, հաղորդել է The Times of Israel-ը:
Պարբերականի տվյալով՝ վերջին ժամանակներս իսրայելցիները Լիբանանի հետ սահմանի իրենց կողմում մի շարք նոր անցակետեր են վերազինել՝ տեղադրելով տեսախցիկներ, ռադարներ, սենսորներ, ինչպես նաև եռապատկել են անձնակազմը:
Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակի հրամանատարությունը հույս է հայտնել, որ Լիբանանի զինված ուժերն ավելի ակտիվ կգործեն «Հըզբոլլահ» շարժման դեմ՝ նշելով, որ լիբանանյան զինվորականների միջոցներն այնքան արդյունավետ չեն, որքան ակնկալում էր իսրայելական կողմը:
«Եթե Իսրայելի և Լիբանանի սահմանին հրադադարը շարունակվի իսրայելական զորքերի դուրսբերումից հետո էլ, Իսրայելի հյուսիսային շրջաններից տեղահանված բնակիչները մարտի 2-ից կկարողանան վերադառնալ հայրենիք»,- նշում է The Times of Israel-ը:
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ղեկավարը հայտարարել է, որ իսրայելական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն լիբանանյան տարածքից մինչև փետրվարի 18-ը: Նրա խոսքով՝ Իսրայելը ոչ մի պատճառ չունի ռազմական ներկայություն պահպանելու հարավային Լիբանանի որևէ կետում: