Հայկական անկյան պաշտոնական բացումը «Քատարա» մշակութային հիմնադրամում

«Քատարա» մշակութային հիմնադրամը այսօր հանդիսավոր կերպով բացել է հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։
Հայկական անկյան «Ազատագրում գամերից» անվանումը կրող քանդակի հեղինակը հայ քանդակագործ, գեղանկարիչ Վանանդ Շիրազն է: Այն արդիական ոճով կատարված սինթետիկ ստեղծագործություն է, որն ունի համամարդկային խորհուրդ, այն է` ազատության և բռնության, լույսի և խավարի, բարու և չարի հավերժական պայքարը: Հեղինակն այդ հակասությունները արտահայտելու համար ընտրել է սպիտակ և սև տուֆերը` համադրված երկաթյա գամերով;
«Քատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն պրոֆեսոր Խալիդ Ալ-Սուլաիթին նշել է, որ հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ ամրապնդելով մշակութային կապերը։ Նա ընդգծել է, որ տարբեր դեսպանությունների հետ համագործակցությամբ բացվող մշակութային անկյունները կարևոր հարթակ են՝ ժողովուրդների մշակութային կամուրջներ կառուցելու համար։
Այս նախաձեռնությունը նշանավոր ուղենիշ է հայ-կատարական մշակութային համագործակցության մեջ և կարևոր ձեռքբերում է երկու երկրների միջև մշակութային երկխոսության խորացման համար։ Այսուհետ «Քատարա» մշակութային գյուղակ այցելողներն այլ երկների շարքում` ինչպիսիք են Վրաստանը, Էկվադորը, Ֆիլիպինները, Մեքսիկան, կտեսնեն նաև հայկական անկյան ինքնատիպ տեսքով և ուղերձով քանդակը: