Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի հարևանությամբ բախվել են «BMW» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվ է գործել «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Հրշեջները կանխել են ավտոմեքենաներում կրակի տարածումը, ապա մարել այն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ն վարել է Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վազգեն Ղ.-ն, իսկ «ՎԱԶ 2107»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գանգա Գ.-ն: