Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Մեքսիկայի Սենատի եւ Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի անդամ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ:
Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացումը:
ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սենատի անդամներին նախորդ տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար: «Հայոց ցեղասպանությունը հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ մարդկության դեմ: Ընդունելով այս փաստաթուղթը` Մեքսիկայի Սենատն իր ներդրումն ունեցավ մարդկության դեմ ապագա հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաեւ քաղաքակիրթ աշխարհի համախմբման գործում այս համընդհանուր նպատակի շուրջ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ փոխխոսնակը հյուրին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման հարցում մեր երկրի կողմից գործադրվող ջանքերը:
Սինտիա Լոպես Կաստրոն բարձր է գնահատել Երեւանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Մեքսիկայի Սենատի անդամի խոսքով նմանատիպ միջոցառումները նպաստում են երիտասարդների միջեւ փորձի փոխանակմանը եւ փոխգործակցության խորացմանը:
Հակոբ Արշակյանը Հայաստանի կողմից հոկտեմբերի 1-ին Մեխիկոյում կմասնակցի Մեքսիկայի պատմության մեջ առաջին կին նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը: