Մեդիափորձագետն ահազանգում է
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր ծանոթներից մեկին մի քանի օր առաջ, տան հեռախոսահամարին (ֆիքսված հեռախոսահամարին) զանգեցին ու ռուսերենով, թե բա հիվանդանոցից ենք զանգում, բուժքույրն ա խոսում, թե բա ձեր աղջիկը ավարիայի մեջ ա ընկել: Ու սկսում ա լացել: Թարսի պես, զանգողի համար, աղջիկը այդ պահին լոգարանում է լինում ու էս ֆոկուսը չի անցնում: Բայց հեռախոսով մի լաց ու կոց, ինչ-որ մեկը թե բա մամա, մամա, էն աստիճանի, որ այս մարդը քիչ էր մնում հավատար, որ էլի աղջիկ ունի: Չասեմ ինչ եղանակներով, բայց մոտավորապես պարզվեց որտեղից են զանգում՝ ինչ-որ հեռավոր հարավ-արևելյան երկրից:
Ասածս ինչ է, զգուշացրեք ձեր տնեցիներին, հատկապես տարիքով մարդկանց, որ այսպիսի զանգեր կարող են լինել: Մի քանի անգամ զգուշացրեք, ամեն օր զգուշացրեք, որովհետև զանգողները շատ համոզիչ են խոսում:
Ու այստեղ ոչ միայն խոշոր գումար կորցնելու հարց է, այլ նաև հարազատին՝ շատերի սիրտը կարող է վատ լուրին չդիմանալ»։