Ոչ ոք աթոռի ցանկություն չունի, մենք միայն պատիվ ու հայրենիք ենք ուզում․ Բագրատ Սրբազան
Ոչ ոք ո՛չ աթոռի ցանկություն ունի, ո՛չ պաշտոնի, ո՛չ փողի։ Մենք ոչնչի կարիք չունենք, բացի պատիվ ունենալուց։ Այս մասին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղ կատարած այցի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը։
«Մեր շարժման, պայքարի տրամաբանությունն է մեզ վերադարձնել մեր ակունքներին, մեր ճշմարտությանը։մեր կյանքին, մեր երանելիությանը, մեր պատվին։ Ոչ ոք ո՛չ աթոռի ցանկություն ունի, ո՛չ պաշտոնի, ո՛չ փողի։ Մենք ոչնչի կարիք չունենք, բացի պատիվ ու հայրենիք ունենալուց»,- ասաց Սրբազանը։
Սրբազանն ընդգծել է, որ նրանք խոսում են հաշտության, ճշմարտության ու սիրո մասին։
«Մարդկանց միտքն ու կյանքը, հոգին այնքան է թունավորվել այս ատելության ու թշնամանքի միջոցով, որ չեն կարողանում անգամ իրենց կրքերը զսպել։ Մեղկ են մարդիկ, շփոթված են ու մոլորված։ Այսքան արհավիրքից ու աղետից հետո մարդիկ չեն կարող դիմացինի հետ թշնամի լինել, այլ հակառակը, այս արհավիրքն ու աղետը դուրս է գալու սիրով ու հաշտությամբ, միմյանց պատիվ ընծայելով։ Մենք խոսում ենք հաշտության, ճշմարտության ու սիրո մասին»,- եզրափակեց Սրբազանը։