ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգում կազմակերպել է ծառատունկ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Մայր բնության համար տնկի» խորագրով արշավի շրջանակներում մասնակցել է ծառատունկի:
«Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակացությամբ Նյու Դելիում մեկնարկ է տրվել «Մայր բնության համար տնկի» խորագրով արշավին՝ պիպալ ծառի/թզենու (ficus religiosa) տնկմամբ։
Այս համատեքստում ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի մոտակայքում կազմակերպել է ծառատունկ, որին մասնակցել են ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհայը, դեսպանատան աշխատակիցներ, Հայաստանում հնդկական համայնքի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշեց, որ այս միջոցառումը ոչ միայն կբարելավի մեր քաղաքի էկոլոգիան, այլև կդառնա ապագայի հանդեպ մեր մտահոգության հրաշալի խորհրդանիշ։
Ծառատունկը լավագույն ներդրումն է քաղաքի բարօրության և երեխաների ապագայի համար։ Օրը հիշարժան է, քանի որ մեզանից յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ կանաչապատման գործում»,-նշված է հաղորդագրության մեջ։