Վայոց ձորում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում իրանական համարանիշներով կցորդիչով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վեջիններս տուժածներին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Երթևեկությունը դարձել է միակողմանի:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքն, իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ․ բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։