Գազաբենզալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա. ԱՆ
![](/timthumb.php?src=disc/11-06-24/d8ce3398e0c390bf55c010f6731755fd.jpg&w=450)
Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, News.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Այս պահի դրությամբ, տուժած վեց քաղաքացիներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Չորս տուժածների վիճակը միջին և կայուն ծանր է. նրանք գտնվում են հիվանդասենյակում»,-ասաց Մարիամ Ծատրյանը:
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ , որոնցից մեկը բժշկական օգնություն ստանալով, դուրս է գրվել:
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: