Նստացույցը ժամանակավորապես դադարեցնում ենք, բանակցություններ ենք սկսում ԿԳՄՍՆ-ի հետ․ «Գոյ» թատրոն
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը, որն ապրիլի 3-ից անժամկետ նստացույց էր իրականացնում թատրոնի փակ դռան առաջ՝ ՀՀ կառավարությունից և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով իրենց հնարավորություն տալ աշխատել, որպես անկախ թատրոն, ապրիլի 8-ին ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը՝ պատճառը ԿԳՄՍՆ-ի հետ բանակցություններն են, որոնք պետք է մեկնարկեն այսօր՝ ժամը 18։30-ին։
Այս մասին թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում հայտնում է ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:
Սարգիս Արզումանյանը հայտարարել է, որ այսօր առանց նախապայմանների են գնում հանդիպելու․
«Քանի որ այստեղ չկան երաշխիքներ, մենք ժամանակավոր ենք դադարեցնում նստացույցը։ Կգնանք, կտեսնենք ինչ է տեղի ունենում, որից հետո կհասկանանք՝ շարունակել նստացույցը, թե՝ ոչ»։
Հանդիպումից հետո կորոշեն հետագա անելիքները:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:
2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը:
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Սարգիս Արզումանյանը դիմել էր թատերական գործիչներին՝ խնդրելով նրանց աջակցությունը: «Եթե կարծում եք, որ այս քաղաքին պետք է «Գոյ» թատրոնը, խնդրում եմ աջակցել մեզ: Համապատասխան փաստաթուղթ է կազմվել, պետք է այնտեղ ստորագրել, տալ համաձայնություն, որ «Գոյ» թատրոնը Երևանին անհրաժեշտ է որպես անկախ թատրոն: Այդ փաստաթուղթը կուղարկվի ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, որպեսզի նրանց կայացրած որոշման մեջ լրացումներ կատարվեն, կամ այլ մեխանիզմներ մշակվեն, և «Գոյ» թատրոնը դառնա անկախ թատրոն ու ստեղծագործի այն վայրում, որտեղ աշխատել է»,-նշել էր նա: