Երևանի պոլիկլինիկաները պետք է լինեն առավել հասանելի, վստահելի ու մրցունակ. Ավինյանը ծանոթացել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին (տեսանյութ)
![](/timthumb.php?src=disc/30-11-23/ba0b7c41a636479a240d2f4b4ad9384b.jpg&w=450)
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր 17 պոլիկլինիկա է գործում: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ չէին հիմնանորոգվել: Նախորդ տարվանից համայնքը մեծածավալ աշխատանքներ սկսեց: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Թիվ 4, 12, 8 պոլիկլինիկաներում ու «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնում իրականացված ու ընթացիկ աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ծրագրի համար պետական ու համայնքային բյուջեներից շուրջ 1 մլրդ դրամ է նախատեսվել:
Առաջնային օղակի, առաջնային խնդիրներին լուծում տալու նպատակով հենց տեղերում գնահատվեցին կարիքներն ու սահմանվեցին առաջնահերթությունները: Արդյունքներն արդեն տեսանելի են:
Քաղաքացիների բուժսպասարկմանը զուգահեռ պոլիկլինիկաներում ակտիվ շինարարություն է: Բժշկական կենտրոնները նաև տեխնիկապես են վերազինվում: Ընթացիկ տարում համայնքային բյուջեից 55 մլն դրամ էլ բժշկական սարքավորումների ձեռքբերման համար է հատկացվել:
Համալիր ու հիմնարար ծրագրերի հիմքում դրված է մեկ նպատակ՝ քաղաքացիների համար պոլիկլինիկաները դարձնել առավել հասանելի, վստահելի ու մրցունակ կենտրոններ։
Հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ զգալիորեն ավելացել է այցելուների թիվը: Եթե նախկինում համայնքային պոլիկլինիկաները տարեկան շուրջ 1 մլն 400.000 այցելու էին ունենում, ապա այս տարի արդեն թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2 մլն 452 000 հազար:
Մանրամասները՝ տեսանյութում։