ՌԴ-ն հետախուզում է հայտարարել ուկրաինացի երգչուհի Ջամալայի նկատմամբ

Ուկրաինացի երգչուհի Ջամալան (իսկական անունը՝ Սուսանա Ջամալադինովա), ով 2016 թվականին հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթում, ՌԴ-ի կողմից հետախուզման մեջ է հայտնվել քրեական մեղադրանքով։ Այս մասին պարզ է դառնում ՌԴ ՆԳՆ որոնման տվյալների բազայից։
«Ջամալադինովա Սուսանա Ալիմովնան հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում։ Տվյալների բազայում նշված չէ, թե որ հոդվածով է կատարվում որոնումը։
Իրավապահ մարմիններից ТАСС-ին հայտնել են, որ հետախուզումը կարող է կապված լինել ռուսական բանակի մասին կեղծ լուրերի տարածման գործի հետ։
Ջամալան Ղրիմի թաթարական ծագմամբ ուկրաինացի երգչուհի է։ 2022 թվականի ապրիլին նա ընդգրկվել է ուկրաինացի արտիստների ցանկում, որոնց 50 տարով արգելված է մուտք գործել Ռուսաստան։