Բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի և Մարալիկի բժշկական կենտրոններ:
Մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարալիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։