Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում բուժում են ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 4 քաղաքացի

Արցախից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած քաղաքացիներից 4-ը պետպատվերի շրջանակներում բուժում են ստանում Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, երկու բուժառու այժմ ստացիոնար բուժում են ստանում Գավառի, ևս երկուսը՝ Մարտունու բժշկական կենտրոններում։
«Անհրաժեշտության դեպքում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն օգտվում են նաև ամբուլատոր բուժծառայություններից, դեղորայքից և բուժհետազոտություններից»,-ներկայացրեց Լուսինե Վարդանյանը։