Եվրահանձնաժողովը ԱՀԿ-ում Ուկրաինայի հետ վեճում կներկայացնի Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային
Եվրահանձնաժողովը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Ուկրաինայի հետ հացահատիկի վեճում կներկայացնի Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային, տեղեկացրել է PAP լեհական լրատվական գործակալությունը։
Առաջիկայում պետք է սկսվի քննարկում ԱՀԿ-ում՝ Լեհաստանի, Հունգարիայի եւ Սլովակիայի դեմ Ուկրաինայի ներկայացրած բողոքի առիթով, հացահատիկի համաձայնագրի հետ կապված։ «Ընդունվել է որոշում, որ Եվրահանձնաժողովը կներկայացնի ԵՄ երկրները ԱՀԿ-ում վեճի դիտարկման ժամանակ»,- PAP-ին տեղեկացրել է ԵՄ աղբյուրը։ «ԵՄ կազմի մեջ են մտնում փորձագետներ Լեհաստանից, Հունգարիայից եւ Սլովակիայից»։
Ցորենի արտահանման հետ կապված տարաձայնությունները հանգեցրել են լարվածության թեժացման Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթին ՄԱԿ ԳՎ-ում՝ հայտարարելով, որ վերջինն «այլեւս երբեք չպետք է վիրավորի լեհերին»։
Մայիսին արգելվել էր ուկրաինական հացահատիկի, եգիպտացորենի, արեւածաղկի սերմերի վաճառքը ԵՄ հինգ երկրներում՝ Լեհաստանում, Հունգարիայում, Սլովակիայում, Ռումինիայում եւ Բուլղարիայում։ Երկրները խնդրել էին կիրառել այս միջոցը տեղի ֆերմերներին աջակցելու համար։
Լեհաստանը, Հունգարիան եւ Սլովակիան որոշել են սեփական արգելք մտցնել ուկրաինական հացահատիկի ներմուծման վրա սեպտեմբերի 16-ին՝ չնայած նախօրեին Եվրահանձնաժողովի ընդունած էմբարգոն չեղարկելու որոշմանը։
Չնայած հանձնաժողովը որոշել է չերկարացնել արգելքը, հինգ երկրներից երեքը կշարունակեն սահմանափակել ուկրաինական գյուղտնտարտադրանքի ներմուծումը։