Բայդենը որոշել է փոփոխություններ մտցնել ՄԱԿ ԱԽ կառուցվածքում

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է անդրադառնալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) փոփոխությունների հարցին։ Այս մասին Գլխավոր վեհաժողովում ԱՄՆ նախագահի ելույթին ընդառաջ նշել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Սպիտակ տան ներկայացուցչին հարց են տվել, թե արդյոք Վաշինգտոնը կարծում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն այլեւս չի համապատասխանում իր նպատակներին։ Նա պատասխանել է, որ դրա կառուցվածքը գնահատելու ժամանակը եկել է։ ԱՄՆ իշխանությունների տեսակետից՝ ԱԽ-ն պետք է դառնա «ավելի ներառյալ եւ համապարփակ», ավելացրել է Քիրբին։ Ռազմավարական հաղորդակցությունների համակարգողը մասամբ բացահայտել է, թե որ ուղղությամբ է Բայդենը մտադիր վերափոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը։ Նրա խոսքով՝ նախագահի վարչակազմը կաջակցեր Անվտանգության խորհրդում ավելի շատ անդամ երկրներ ընդգրկելու որոշմանը։
Հունիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել էր ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին քննարկել Անվտանգության խորհրդի բարեփոխման հարցը։ ԱՄՆ-ն առաջարկել էր ավելացնել ԱԽ մշտական անդամների թիվը եւ առկա հինգ երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Չինաստանին գումարել եւս վեց պետություն, այդ թվում Աֆրիկայից եւ Լատինական Ամերիկայից։ Ընդ որում՝ նոր պետությունները վետոյի իրավունք չեն ունենալու, որն ունեն արդեն առկա հինգ երկրները։