Լաչինով ևս հումանիտար բեռ է մտել Արցախ՝ հիմնականում ալյուր ու բժշկական պարագաներ. ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 18-ին Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրել Լեռնային Ղարաբաղում կարիքի մեջ գտնվող անձանց։
Այս մասին նշվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ։ Ըստ Կարմիր Խաչի՝ սա հնարավոր է դարձել «որոշում կայացնողների միջև հումանիտար փոխհամաձայնության հասնելու դիվանագիտական ջանքերի շնորհիվ»։
«Մեզ մեծապես մխիթարում է այն, որ շատ մարդիկ, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանը, առաջիկա օրերին, վերջապես, կստանան այդքան անհրաժեշտ աջակցությունը։ Առողջապահական կառույցները չունեն բժշկական պարագաներ: Մարդիկ հացի համար ժամերով հերթ են կանգնում:
Նրանք կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով կայուն օգնության կարիք ունեն: Այս կոնսենսուսը մեր թիմերին թույլ է տվել վերսկսել այս կյանքեր փրկող աշխատանքը», - ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեկ բեռնատար և երկու մարդատար ավտոմեքենաներ Ակնայով այս պահին շարժվում են դեպի Ստեփանակերտ։