Սպանել է իրեն որդեգրած ծնողներին
ԱՄՆ-ում 7 տարի առաջ ուկրաինական մանկատնից որդեգրված երիտասարդը սպանել է իր ամերիկացի որդեգրող ծնողներին, Shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է New York Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ուրբաթ օրը ոստիկանությունը ահազանգ է ստացել Ֆլորիդայի հարավում գտնվող Նորթ Պորտ քաղաքի տներից մեկում վիճաբանության մասին։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հատակին հայտնաբերել են Ռոբի և Ջենիֆեր Թաուերի արյունոտ մարմինները։ Ինչպես հայտնում է New York Post-ը, որդին փորձել է փախչել ոստիկանությունից, սակայն 8 ժամ հետո նրան բերման են ենթարկել։ Նրան սպառնում է սպանության մեղադրանք։
Ինչպես հրատարակությանը տված հարցազրույցում ասել է որդեգրած հոր հորեղբայրը՝ Ուորեն Ռեյնսը, մահացածները խորապես կրոնասեր մարդիկ են և մի քանի անգամ մեկնել են Ուկրաինա՝ քրիստոնեական առաքելությունների շրջանակներում։ Լինելով անզավակ՝ նրանք որոշել են ուկրաինական մանկատնից վերցնել 14-ամյա տղային՝ չնայած նրա ծանր անցյալին (մայրը մահացել է, իսկ հայրը, ով տառապում էր ալկոհոլիզմից, թողել էր երեխային)։