Մինչև ՀՀ-ի վրա ճնշում գործադրելը ԱՄՆ-ն թող իր երկրի ներսում առկա խնդիրները լուծի. Արման Բոշյան
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իրավունք չունի որևէ ճնշման ենթարկել մեր կառավարությանը, որովհետև ՀՀ-ն սահմանադրությամբ ինքնիշխան պետություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը: Նրա խոսքով` Մինչև ՀՀ-ի վրա ճնշում գործադրելը ԱՄՆ թող իր երկրի ներսում առկա խնդիրները լուծի: Միայն 2011 թվականի տվյալներով՝ ԱՄՆ-ում 1570 երեխա է սպանվել ընտանիքներում, իսկ 61.430-ը ենթարկվել սեռական բռնության: Այս երկիրն Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում խնդիրներ ունի, թող առաջինն իր խնդիրները լուծի:
Արման Բոշյանի խոսքով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրամիության պատվիրակությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ո՛չ Ղարաբաղի հարցի, ո՛չ մի շարք խնդիրների լուծմանը երբեք այսքան հետամուտ ու միասնական չեն եղել: Նրա խոսքով` օրենքում վեց կետով արգելվելու է հայկական մշակույթը, փոխարենը պետք է ստեղծել գենդերային մշակույթ: Այս տարվա օգոստոսին կառավարությունը պաշտոնապես ընդունել էր, որ օրենքը կարող է ունենալ բացասական հետևանքներ, և փոփոխություններ են պետք, ուստի պետք է առաջարկված կոմպրոմիսային տարբերակը մինչև մյուս քառօրյա ներկայացվի ԱԺ: Այդ օրենքը ոչ թե մշակվել է Հայաստանում, այլ պատրաստի տեքստ է տրվել դրսից: