Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Երբ խոսքը հեռահաղորդակցությունների ապաշրջփակման մասին է, հանրության մի հատված ասում է, որ թշնամու հետ ճանապարհները չեն բացվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Ուզում եմ բոլորին ևս մեկ փաստ հիշեցնել. անգամ պատերազմող պետությունները, օրինակ՝ Ռուսաստանը և Ուկրաինան, այսօր ունեն ապաշրջափակված ուղիներ: Դա գազատարն է, որով դեֆակտո ապրանք է տեղափոխվում: Ինչքանով դա կնպաստի ՀՀ-ին, կամ Հայաստանի հարևան երկու թշնամի պետություններին, այսօր գնահատական տալը վաղ է: Բայց այն, որ դա նաև կավելացնի այս երկու պետությունների ժողովուրդների շփումը և որ հենց դա կբերի շփումների կարգավորմանը՝ ես վստահ եմ»,- ասաց Երվանդ Թարվերդյանը:
Նրա խոսքով՝ խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, այլ ոչ թե թղթերով:
«Բազմիցս ասել եմ, որ այդ թուղթը մեզ ոչինչ չի տալու, եթե մենք չկանոնակարգենք մեր հարաբերությունները: Հարաբերությունների կարգավորումը, կանվանենք դա հարատև խաղաղություն, լոյալ մոտեցումներ, թե տնտեսական, քաղաքական շահերից ելնելով ինչ որ գործողությունների իրականացում, թղթով չի որոշվում: Աշխարհում ոչ մի միջազգային իրավունքի նորմ այսօր չի գործում»,- ասաց Երվանդ Թարվերդյանը: